25 օր շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի արձագանք չեն հայտնում մարդկության դեմ կատարված այս հանցագործություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում:
«Իսրայելը, ստանալով Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, Գազայում մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։ Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատանք ենք տանում, որպեսզի իսրայելցի ռազմական հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ օրենքի առաջ կանգնի»,- TACC գործակալության փոխանցմամբ թուրքական կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ և ավելի քան 20 հազար մարդ էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Գազայի զգալի մասը ոչնչացվել է կամ ավերակների մեջ է։ Գազ, էլեկտրականություն և ջուր չկա։ Եվ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ։ ԵՄ-ն չի կարողանում նույնիսկ հրադադարի կոչ անել, առավել ևս՝ դատապարտել այն։ Ավելին, նրանք փորձում են թաքցնել Իսրայելի վայրագությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես հետևում է: 25 օր շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի արձագանք չեն հայտնում մարդկության դեմ կատարված այս հանցագործություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Մենք կարծում ենք, որ ճիշտ և տեղին կլիներ Պաղեստինին նվիրված միջազգային խաղաղության համաժողով անցկացնել։ Պետք է ստեղծվի անվտանգության նոր մեխանիզմ՝ տարածաշրջանի երկրների և ուժերի մասնակցությամբ։ Եթե նրանք պատրաստ են դրանով զբաղվել, Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ» – եզրափակել է Էրդողանը։