ՀՀ ԱԳՆ-ն հաջորդ տարի կիրականացնի 5 ծրագիր

Նախարարի խոսքով՝ առաջին ծրագիրը «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում» ծրագիրն Է։

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկը, որը կազմում է 16 միլիարդ 616 մլն դրամ, ինչը 2023 թվականի բյուջեի նախագծից ավելի է 504 միլիոն դրամով: Նախարարությունն իրականացնում է 5 ծրագիր:

Նախարարի խոսքով՝ առաջին ծրագիրը «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում» ծրագիրն է, այնուհետև «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրը, «ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» և «Օտարերկրյա մարմիններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրերը: 

«Հիմնական ավելացումները նաև այստեղ են տեղի ունեցել»,- նշեց Հովհաննիսյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի ճշտող հարցին՝ արդյոք բավարարվե՞լ է ԱԳՆ-ի պահանջն ամբողջությամբ, թե՞ եղել է ֆինանսական միջոցների սահմանափակում, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հայտը եղել է 17 մլրդ 630 միլիոն դրամ, սակայն որոշ հաշվարկների արդյունքում հանգել են 16 մլրդ 616 միլիոն դրամի: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ֆինանսների նախարարին հարց ուղղեց՝ ինչու է ԱԳՆ-ի հայտը մերժվել, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց՝ «որևէ թիվ գրչի հարվածով չի դրվում»:

«Բոլոր միջոցառումները պարոն Միրզոյանի հետ մանրամասն քննարկել ենք և հանգել ենք այս կետին: Ունենք պայմանավորվածություններ նաև այն մասին, որ եթե տարվա ընթացքում կլինեն կարևոր ծրագրեր, և կտեսնենք, որ կան հավելյալ հնարավորություններ, այդ կարիքները նույնպես կփորձենք հասցեագրել ըստ առաջնահերթությունների, քանի որ նման կարիքներ կան թե՛ կրթության, թե՛ պաշտպանության ոլորտներում: Փորձում ենք նաև ԱԳՆ-ի ոլորտում կարիքները հասցեագրել»,- նշեց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print