Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել սահմանված ժամանակահատվածում:
Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը, որի շրջանակում նախատեսվում են, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում: Ընդգծվել է նաև մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացման կարևորությունը, այդ թվում՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետն ընդգծել է ոլորտի արդյունավետ կառավարման ու զարգացման կարևորությունը և նշել, որ այն ՀՀ Կառավարության թիրախային ուղղություններից է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունները և ոլորտում առկա հարցերի լուծման վերաբերյալ դիտարկումները ներառել ռազմավարության մեջ: