Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Երասխ

Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելեց Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց Հայաստանում Եվրոպական Միության  դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։

Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։  

Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց տվեց գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրեց դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։

Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշեց, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվեց նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվեց նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։  

Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվեց Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print