Ուկրաինայի օրենքներն արգելում են նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակին հանձնարարել է սկսել նախապատրաստվել 2024 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
«Իմ տեղեկություններով՝ Վլադիմիր Զելենսկին որոշել է հաջորդ տարի նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա հանձնարարել է նախագահի գրասենյակին նախապատրաստվել ընտրություններին, որոնք նախատեսում են անցկացնել 2024 թվականի մարտի 31-ին»,- Эспрессо հեռուստաալիքի եթերում հայտարարել է պատգամավորը։
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Նոյեմբերի 3-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Sky News հեռուստաալիքին հայտնել էր, որ Զելենսկին դիտարկում է 2024 թվականի գարնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերին, սակայն ռազմական դրության պայմաններում դրանք չեն կայացել։
Ուկրաինայի օրենքներն արգելում են նախագահական ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։ Սակայն Արևմուտքը պնդում է, որ դրանք պետք է անցկացվեն նախատեսված ժամկետներում։ Այդ հարցում Զելենսկու հռետորաբանությունը որոշ չափով փոխվել է։ Իր հարցազրույցներից մեկում նա հավանական է համարել ընտրություններն անցկացնել ռազմական դրության ժամանակ, եթե Արևմուտքը վճարի դրանց համար։