Տարիներ առաջ հեպատիտ C–ն բավականին թանկարժեք բուժում ունեցող հիվանդություն էր համարվում, և շատ քաղաքացիներ ուղղակի բուժում չէին ստանում վճարունակ չլինելու պատճառով։
Հայաստանում պետպատվերի շրջանակում նախատեսվում է հեպատիտ C–ով հիվանդ շուրջ 1800 քաղաքացու դեղորայքային հետազոտությունների ծավալ ապահովել։ ԱԺ առողջապահության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Առողջապահության նախարարությունը 2020 թվականից սկսել է հեպատիտ C–ի էլիմինացիայի ծրագիր իրականացնել: Նա նշեց, որ տարիներ առաջ հեպատիտ C–ն բավականին թանկարժեք բուժում ունեցող հիվանդություն էր համարվում, և շատ քաղաքացիներ ուղղակի բուժում չէին ստանում վճարունակ չլինելու պատճառով։
ՀՀ–ում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութ կիրառել. Ավանեսյան
«Այսօր արդեն Հայաստանը կարողանում է մի շարք երկրներից ներմուծել այդ հիվանդության դեմ առկա դեղի ջեներիկ (քիմիական ակտիվ դեղաբանական բաղադրիչ պարունակող դեղորայք) տարբերակները։ Դրանք մատչելի և հասանելի են պացիենտների համար։ Այժմ հիվանդության բուժումը ներառված է պետական պատվերի շրջանակում։ 2021 թվականին բուժվել է 669 անձ, 2022-ին` 838, 2023-ի 9 ամսվա ընթացքում` 826 անձ։ 2024 թվականին նախատեսվում է 1800 քաղաքացու դեղորայքային հետազոտությունների ծավալ ապահովել»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ նույն ծրագիրն իրականացվում է նաև քրեակատարողական հիմնարկներում։
Հաջորդ տարի էլիմինացիայի ծրագրի արդյունքները պատրաստվում են գրանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։