Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 700մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական հիմքերի որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կադաստրային արժեքից բազմակի անգամ ցածր գնով օտարել «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող, պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին «Երիտասարդական պալատ» պետական ՓԲԸ-ին պատկանող՝ Սարալանջ 1 հասցեում գտնվող 24345.2 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հիշյալ ընկերության սնանկության կառավարչի կողմից 506.000.000 ՀՀ դրամով վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Նշված անշարժ գույքի զբաղեցրած 31,780 քմ մակերեսով հողամասը եղել է պետական սեփականություն և պայմանագրով չի հանդիսացել առուվաճառքի առարկա: Միաժամանակ նույն պայմանագրով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագիրը անշարժ գույքի կադաստրում պետական գրանցման պահից:
Սակայն այդ ընթացքում, դեռևս պայմանագիրը պետական գրանցում ստացած չլինելու, այսինքն՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված չլինելու պայմաններում, Ե. Զ.-ն Սարալանջ փողոցի 1 հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը վաճառելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան իրավական հիմքերի, 2004 թվականի հունվարի 16-ին որոշում է կայացրել, որով վերը նշված ՍՊԸ-ին վերապահել է նշված հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով: Այնինչ պայմանագիրը պետական գրանցում ստացել է միայն նույն թվականի հունվարի 27-ին, երբ ուժի մեջ մտած է եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքն այդ ժամանակահատվածում արդեն եղել է շատ ավելի բարձր՝ 805.623.000 ՀՀ դրամ:
Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա 2004 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ. Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ. Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62.973.405 ՀՀ դրամով օտարվել է հիշյալ ընկերությանը:
Այսպիսով՝ Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զ.-ի՝ վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, այն է՝ հեղինակազրկվել է տեղական ինքակառավարման մարմինը, խախտվել է պետական սեփականության հողերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրությամբ սահմանված կարգը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, 805.623.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 31.780 քմ մակերեսով հողամասը «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարվել է 62.973.405 ՀՀ դրամով, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 742.649.595 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերը նշված հանցավոր արարքների համար Ե. Զ.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Կ. Դ.-ին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: