Որոշում է կայացվել առավել մեծ բարեփոխումների գնալ և պետություն-մասնավոր գործընկերության հիմքով նոր մրցութային ընթացակարգ անցկացնել։
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի։ Խորհրդարանում պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստի ընթացքում հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նախնական տվյալներով կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացը կմեկնարկի 2025-ին։
«Նկատի ունենալով, որ կառավարությունը որդեգրել է ամբողջական կենսաչափական տվյալների համակարգի անցման քաղաքականություն, որոշում է կայացվել առավել մեծ բարեփոխումների գնալ և պետություն-մասնավոր գործընկերության հիմքով նոր մրցութային ընթացակարգ անցկացնել»,- ասել է Ղազարյանը։
2017-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո պարբերաբար երկարաձգվել է հին նմուշի անձնագրի տրամադրման հնարավորությունը։