Ըստ առկա տվյալների՝ ամեն օր հարյուրավոր աղջիկներ և տղաներ են մահանում կամ վիրավորվում:
Գազայում անվտանգ տեղեր չեն մնացել. այն վերածվում է մանկական գերեզմանոցի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի կենտրոնակայանում:
«Ըստ առկա տվյալների՝ ամեն օր հարյուրավոր աղջիկներ և տղաներ են մահանում կամ վիրավորվում: Չորս շաբաթվա ընթացքում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան վերջին երեք տասնամյակների ընթացքում ցանկացած այլ հակամարտությունում: ՄԱԿ-ի ավելի շատ աշխատակիցներ են սպանվել, քան մեր կազմակերպության պատմության ցանկացած համադրելի ժամանակահատվածում»,- ասել է Գուտերեշը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Իսրայելը շարունակում է ռմբակոծել և սպանել քաղաքացիական բնակչությանը ու կոչ է արել դադարեցնել կրակը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարը: «Ինչպե՞ս չեք ամաչում, Անտոնիո Գուտերեշ։ Գազայի հատվածում իրենց կամքին հակառակ պահվում են 30-ից ավելի անչափահասներ, որոնց թվում՝ 9 ամսական երեխա, ինչպես նաև մանուկներ ու երեխաներ, որոնց աչքի առաջ սառնասրտորեն սպանել են իրենց ծնողներին: Գազայի հատվածի խնդիրը ՀԱՄԱՍ-ն է, այլ ոչ թե Իսրայելի գործողություններն այդ ահաբեկչական կազմակերպության ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Էլի Քոենը: