Ըստ հիմնական զեկուցողի՝ նախարարությունն ունի 1200 տեղ և մինչև տարեվերջ կարող են ուղեգրել ևս 600 բուժաշխատողի:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ և ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Լենա Նանուշյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը՝ մինչև սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը:
Լենա Նանուշյանը նաև նշել է. «Այս պահի դրությամբ ամբողջությամբ անվճար վերապատրաստումների ենք ուղղորդում մեր բուժաշխատողներին: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600-ից ավելի բուժաշխատողներ արդեն ուղեգրվել են կրթական հաստատություններ՝ անվճար վերապատրաստվելու:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախարարությունն ունի 1200 տեղ և մինչև տարեվերջ կարող են ուղեգրել ևս 600 բուժաշխատողի:
Նշվել է, որ 90-ից ավելի հավաստագիր արդեն տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների:
Լենա Նանուշյանը նաև տեղեկացրել է, որ մարզերի բուժհաստատություններում աշխատանքի անցնելու դեպքում վերջիններս կստանան ֆինանսական լրացուցիչ աջակցություն: