Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար։
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Երբ համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, ապա ժամանակին կհայտարարենք այդ մասին», – լրագրողներին ասել է Գալուզինը։