ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ-ում հաշվառումը գույքային որևէ պարտավորություն չի առաջացնում. Արմեն Ղազարյանը մանրամասնում է

Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման դիմումների ընդունումը մեկնարկել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՀՀ քաղաքացիության համար դիմելու ցանկություն ունեցողները պետք է մոտենան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ, իսկ մարզերում կարող են դիմել անձնագրային ծառայություն:

Ըստ Արմեն Ղազարյանի՝ ընթացակարգերը հնարավորինս պարզեցվել են. «Մարդիկ կարող են ներկայացնել իրենց դիմումները և արագ կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»:

Արմեն Ղազարյանը նաև հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ են ստացել՝ ճանաչվելով փախստական: Մինչդեռ փախստականի վկայական ստանալու համար ևս անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնել, փոխել հաշվառման հասցեն և ստանալ համապատասխան ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձի՝ փախստականի վկայականը:

«Բազմաթիվ են մտահոգություններն առ այն, որ եթե առկա չէ սեփականատիրոջ համաձայնություն, ապա ինչպես անձը կարող է հաշվառվել տվյալ հասցեում:

Անձը կարող է մոտենալ անձնագրային ծառայություն, ներկայացնել փաստացի հաշվառման համար դիմում: Կիրականացվի համապատասխան ստուգում ոստիկանության կողմից, ոստիկանությունը կներկայացնի անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք, որի հիման վրա անձը փաստացի հիմքով կհաշվառվի տվյալ բնակության հասցեում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հաշվառումը գույքային որևէ պարտավորություն չի առաջացնում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print