Վերին Լարսի թողունակությունը կկրճատվի

Անցակետում որոշակի կուտակումներ կան այն պատճառով, որ մի քանի օր առաջ ռուսական կողմում երկու ռենտգեն սարք է խափանվել։

Վերին Լարսի անցակետի տարածքում նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ, արդյունքում կկրճատվի Վերին Լարսի անցակետի թողունակությունը, News.am-ին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը

«Աշխատանքները կիրականացվեն առանձին երթուղիների վրա, իսկ մյուսները կշարունակեն աշխատել բնականոն հունով, և երթևեկությունը կուղղվի դեպի այդ գործող գոտիներ։

Հետո, երբ մի հատվածի ճանապարհային աշխատանքներն ավարտվեն ու այդ հատվածը բացվի, մյուս հատվածներում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Այսպիսով, անցակետի թողունակությունը կկրճատվի, բայց անցակետը չի փակվի ։

Մարդատար և բեռնատար մեքենաները սպասարկվում են տարբեր գոտիներով. Ռուսաստան մուտք գործելիս 12 գիծ նախատեսված է մարդատար ավտոմեքենաների համար, ևս 7-ը՝ բեռնատարների համար»,- նշել է Հակոբյանը։

Նա պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ, միշտ առավելություն է տրվում այն ​​բեռնատարներին, որոնք արագ փչացող ապրանքներ են տեղափոխում, և այդ առավելությունն արդեն տրվում է վրացական կողմից, նման տրանսպորտային միջոցների անցումն ավելի վաղ է թույլատրվում։

Վահան Հակոբյանը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետում որոշակի կուտակումներ կան այն պատճառով, որ մի քանի օր առաջ ռուսական կողմում երկու ռենտգեն սարք է խափանվել։

«Սարքերից մեկն արդեն վերանորոգված է, իսկ մյուսը վերանորոգման փուլում է։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքների արդյունքում առաջացած կուտակումներին, ապա դեռ վաղ է խոսել, թե արդյոք կուտակումներ կլինեն և, եթե այո, ապա՝ ինչ մասշտաբների: Այդ մասին հնարավոր կլինի դատել մի քանի օրից»,- ասել է մաքսային կցորդը։

Նա հայտնել է, որ մոտ 500 բեռնատարներ դուրս են եկել Հայաստանի տարածքից և դեռ գրանցում չեն անցել Ռուսաստանում։

«Այսինքն՝ այդ մեքենաների մի մասը ճանապարհին է և դեռ չի հասել «Վերին Լարս» անցակետ, իսկ մյուս մասը ռուսական անցակետում՝ գրանցման փուլում է։ Կախված գրանցման արագությունից՝ թիվը կարող է փոխվել»,- հավելել է Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print