Մենք այդ դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները։
Այս պարագայում, երբ ՀՀ-ն ու Արցախը գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մենք այդ դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները։ Շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը կախված է եղել նաև ՀՀ իշխանություններից»,- ասաց նա։
Օհանյանի կարծիքով՝ այդ հարաբերությունների վատթարացմանը նպաստել են ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, զորավարժություններին չմասնակցելը և այլն։
«Եթե ՀՀ-ն ունի խնդիրներ իր հարևանների, դաշինքի անդամ երկրների հետ, ապա դրանք պետք է բարձրաձայնել հենց այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում։ Ես գտնում եմ, որ ՀԱՊԿ-ի վրա որոշ դեպքերում այնպիսի խնդիրներ է դրվում, որի իրականացնողը ՀՀ-ն է։
ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու ամրապնդի մեր սահմանները, կամ ռազմավարական կետերում մեզ համար խրամատներ փորի։ ՀԱՊԿ-ի խնդիրը գլոբալ է»,- ասաց Սեյրան Օհանյանը։