«Այս շարքը դեռ կշարունակվի և մեր քաղաքական կամքն այս առումով երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել, այն գիտակցումով, որ մենք հասկանում ենք, որ սա ընդամենը մի փոքր մասն է»։
Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում է շուրջ 1000 անշարժ, 200՝ շարժական գույք. Փաշինյան
Բյուջետային հավաքագրումների և 28 տոկոս տնտեսական աճի առումով ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալին՝ մեզ շատ են քննադատում այն բանի համար, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները ետ չենք բերում։ Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս քննադատությունը հասկանալի է, բայց մյուս կողմից պետք է նկատեմ, որ թալանված միջոցները, հայտնի թալանչիների տների դարակներում բարեբախտաբար թե դժբախտաբար դասավորած չեն, որ մտնենք՝ վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ Հայաստանից դուրս։ Եվ բացի դրանից՝ թալանողները սկուտեղով չեն մատուցում, այլ ընդհակառակը, բոլոր հնարավոր ձևերով դիմադրում են, այդ թվում՝ քաղաքական ձևերով, թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների և ամենատարբեր հարցերի հետևում։ Այդ թվում՝ ներքաղաքական անկայունությունների հրահրման փորձերով, միլիոններ ծախսելով փաստաբանական ծառայությունների, իշխանության ու պաշտոնյաների դեմ հակաքարոզչության վրա։
Մյուս կողմից, թալանվածը վերադարձնելը չի կարող լինել պետության, իրավակարգի, օրինականության հաշվին և սա միշտ եղել է մեր դիրքորոշումը։ Այս է պատճառը, որ մենք օրինական իրավական մեխանիզմներ ենք ստեղծել, ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, որը նոր-նոր սկսել է աշխատել և մենք արդեն ունենք աղմկոտ վերադարձներ։ «Գոլդեն Փելըս» հյուրանոց, որը ավելի վաղ է եղել, «ԱՈԿՍ»-ի շենք, Իսակովի պողոտայի հազարավոր հեկտարներով հողեր, հազարավոր հեկտարների հողեր Ծաղկաձորում։
Այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում են շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, բաժնետոմսեր 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են և չեն կարող օտարվել։ Այս շարքը դեռ կշարունակվի և մեր քաղաքական կամքն այս առումով երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել, այն գիտակցումով, որ մենք հասկանում ենք, որ սա ընդամենը մի փոքր մասն է»,- ասաց վարչապետը։