Ինչ վերաբերում է նրան, որ 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել, ապա երկրում ամեն տեսակի իրավիճակ կարող է ստեղծվել, և մենք այստեղ որոշումներ չենք քննարկում:
Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Չեն եղել հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, անձամբ ես չեմ տեսել»,- ասել է Սիդորովը հինգշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում որևէ խոսակցություն չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից:
Սիդորովի պնդմամբ՝ որևէ մեկի մտքով նման բան չի անցնում։
«Կարծում եմ, որ մեր իմաստուն պետությունների ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնք ապրում է Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
«Ինչ վերաբերում է նրան, որ 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել, ապա երկրում ամեն տեսակի իրավիճակ կարող է ստեղծվել, և մենք այստեղ որոշումներ չենք քննարկում: Բայց միևնույն ժամանակ նրանք մասնակցում են օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը և մշտական կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը։ Ուստի գործընթացն ընթանում է»,- ասել է Սիդորովը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։