Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ֆաթիմա Զուրաբովան ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով և այնտեղ պարբերաբար բռնությունների է ենթարկվել։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:
Փաստի առթիվ 2023թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով:
Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել:
Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում: Վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։
Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։
Նախաքննությունը շարունակվում է»: