ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի շրջանակում ևս 500 միլիոն դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի վճարումները շարունակելու համար։
Այսօրվանից կընդունվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսված 50 հազար դրամ սոցիալական աջակցության դիմումները։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման համար նախատեսված հարթակն առաջիկա ժամերին կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում և կայքում
Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի շրջանակում ևս 500 միլիոն դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի վճարումները շարունակելու համար։
«Արդեն իսկ մշակված և պատրաստ են ևս 3800 անձի տվյալներ, որոնք հատկացումից հետո կուղարկվեն վճարման։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում բժշկական օգնություն ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս 800 անձի տվյալներ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության կողմից փոխանցվել են և մշակվում են, որից հետո կներառվեն վճարման ցուցակներում»,-նշել է Մանուչարյանը՝ հիշեցնելով, որ ծրագրից արդեն իսկ օգտվել են 104 հազար 200 շահառու։
Անդրադառնալով հոկտեմբերին 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իրականացված վճարումների ցուցանիշին, նա հայտնել է, որ վճարումն արդեն կատարվել է 99 հազար 820 անձի, ընդ որում՝ նաև այս շաբաթ իրականացված վճարումը՝ 7295 շահառուի։
Այս ծրագրի շրջանակներում նոյեմբեր և հաջորդ ամիսների աջակցության համար դիմումների ընդունումը շարունակվում է։