Վարչապետի խոսքով՝ կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։
Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են:
«Դրանք ձեռք են բերվել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքում: Համաձայնություններն արձանագրվել են Շառլ Միշելի հայտարարությունների մեջ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974 — 1990թթ. քարտեզները, կա նաև ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենա ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ անկլավների հարցերը:
«Օրինակ, Արծվաշենը ավելի քան 30 տարի գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով վատ լուրերից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չեն հասկանում իրար:
«Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», և այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: