Կապանի ղեկավարը հանդիպել է Գլենդելի քաղաքապետի հետ

Հանդիպման գլխավոր նպատակը քույր քաղաքներ՝ Կապանի և Գլենդելի միջև համագործակցության վերականգնումն ու խորացնումն էր:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը պատվիրակության անդամների հետ համատեղ հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Դանիել Բրոտմանին և քաղաքային խորհրդի անդամներ Էլեն Ասատրյանին, Արա Նաջարյանին, Փաուլա Դիվայնին և Արդի Քասախյանին:

Հանդիպման գլխավոր նպատակը քույր քաղաքներ՝ Կապանի և Գլենդելի միջև համագործակցության վերականգնումն ու խորացնումն էր:

Համայնքի ղեկավարը ներկաներին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հայ ամերիկյան հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել մասնավորապես միջհամայնքային համագործակցության վերակազմակերպման անհրաժեշտությունը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը քննարկել են նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները, կարիքները և հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Գևորգ Փարսյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Գլենդելի աշխատակազմի քարտուղար Ռուբիկ Գոլանյանի և քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանի հետ, որի ընթացքում առարկայական քննարկում է տեղի ունեցել կոնկրետ գործընթացների շուրջ, որոնց իրականացման ուղղությամբ կիրականացվեն համապատասխան քայլեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պահպանել կապը, ստեղծել աշխատանքային խումբ և մշակել հստակ ծրագրերի օրակարգ՝ առաջիկայում իրագործելու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print