Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Միհրան Պողոսյանն առաջիկայում կարտահանձնվի Հայաստանին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նրան երեկ կեսօրին կանգնեցրել են Տվերսկայա փողոցում։ Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատին, չի բացառվում, որ նա առաջիկայում արտահանձնվի Հայաստանին։
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում` իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
2023 թվականի օգոստոսին դատախազությունը հայտնեց, որ նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: