Թմրանյութերի պահման և շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատողը

Աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 21,53 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերի նմանվող զանգվածներ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում են՝ օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծառայողները խուզարկության են ենթարկել Ս․Ե․-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից արգելված իրեր չեն հայտնաբերվել, սակայն տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնել է, որ բնակելի գոտում գտնվող իր աշխատասենյակում առկա են թմրանյութեր:

Նշված աշխատասենյակի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 21,53 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերի նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ գրասեղանի վրայից հայտնաբերվել են կոնֆետի թղթերով քողարկված, մարիխուանային նմանվող 2 առանձնացված զանգվածներ, որոնց քաշը թղթերի հետ միասին կազմել է 20,84 գրամ։ Բացի այդ՝ զանգվածներից մեկում հայտնաբերվել է ևս մեկ փաթեթ, որում առկա է եղել կոկաին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 0,69 գրամ։

Քաղաքացի Ս․Ե․-ն խոստովանել է, որ վերոնշյալ զանգվածները բերել է հիմնարկ կալանավորված անձ Գ․Ա․-ին փոխանցելու նպատակով։

Ս․Ե․-ն ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print