Ավելի վաղ հայաստանյան բանկերից մեկը «UnionPay» քարտերի սպասարկման թույլտվություն էր ստացել, բայց առանց թողարկման իրավունքի։ Այժմ նման իրավունք են ստացել միանգամից երկու բանկեր։
«Կոնվերս» և «Ակբա» բանկերը կկարողանան մասնակցել Չինաստանում գրանցված «UnionPay» վճարահաշվարկային համակարգին: Հայաստանի կենտրոնական բանկը համապատասխան թույլտվություն է տվել նրանց։
«Ակբա» բանկը մոտ 4 տարի առաջ ստացել էր այդ քարտերի սպասարկման թույլտվություն, իսկ վերջին որոշմամբ՝ նաև դրանք թողարկելու իրավունք: «Կոնվերս» բանկը միանգամից երկու թույլտվությունն էլ ստացել է։
Նշենք, որ ԿԲ–ի վիճակագրության համաձայն ՝ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է եղել տեղական բանկերի թողարկած շուրջ 3 մլն 578 հազար պլաստիկ քարտ։ Դրանցից մոտ 46%-ը «Visa» քարտեր են, մոտ 24%-ը՝ «Master», 23%-ը՝ «ArCa» (տեղական վճարահաշվարկային համակարգ), մոտ 6%-ը՝ այլ քարտեր: Բացի այդ, տեղական մի քանի բանկեր թողարկում են «ArCa-МИР» քարտեր (որոնք միաժամանակ կապված են հայկական և ռուսական համապատասխան համակարգերի հետ):