Ադրբեջանում ձերբակալել են Ալիևի կոռուպցիոն գործարքները բացահայտող անկախ լրատվամիջոցի ղեկավարին

Abzas Media-ն Ադրբեջանի իշխող ընտանիքի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն հետաքննություններ է իրականացնում, ինչպես նաև ակտիվորեն լուսաբանում է երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված իրավիճակը։

Ադրբեջանական Abzas Media առցանց անկախ լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլին այսօր վաղ առավոտից անհետացել էր, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա ձերբակալվել է։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին սոցցանցերում հայտնել է, որ Հասանլին այսօր պետք է արտերկիր մեկներ, սակայն նա ինքնաթիռ չի նստել։

«Առավոտյան ժամը 4։30-ին Ուլվին դուրս է եկել տանից և շարժվել դեպի օդանավակայան։ Սակայն նա ինքնաթիռ չի նստել, այլևս ոչ ոքի հետ կապ չի հաստատել։ Կարծում եմ, որ նրան ձերբակալել են օդանավակայանում»,- նշել է նա։

Փաստաբան Զիբեյդա Սադիգովան էլ հայտարարել է, որ Ուլվի Հասանլին ձերբակալվել է և գտնվում է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունում։ Դեռևս պարզ չէ, թե ինչում է նա մեղադրվում։

Բացի այդ, առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է սկսել Abzas Media-ի գրասենյակում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել խմբագրություն:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Հասանլիին։

«Ադրբեջանում խուզարկություն է իրականացվում Abzas Media-ի գրասենյակում, և տնօրեն Ուլվի Հասանլին, որը լուսաբանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան, ձերբակալվել է։ RSF-ը բողոքում է անկախ լրատվամիջոցների վրա այս անընդունելի ճնշման դեմ և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան»,- ասվում է X-ում արված կազմակերպության գրառման մեջ։

Abzas Media-ն ստեղծվել է 2016 թվականին քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների կողմից: Այն Ադրբեջանի իշխող ընտանիքի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն հետաքննություններ է իրականացնում, ինչպես նաև ակտիվորեն լուսաբանում է երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված իրավիճակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print