Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարել է՝ եթե Ջո Բայդենը ստորագրի Ադրբեջանի դեմ նախաձեռնված օրինագիծը, Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին լուրջ հարված կհասցվի։
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն է ԱՄՆ դեմ հայտարարություն ընդունելը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նման առաջարկով է հանդես եկել Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Նա կողմնակալ է որակել ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին աջակցության օրինագիծը, ափսոսանք հայտնել, որ վերջերս Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր են ընդունվում:
Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարել է՝ եթե Ջո Բայդենը ստորագրի Ադրբեջանի դեմ նախաձեռնված օրինագիծը, Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին լուրջ հարված կհասցվի, և այդ հարվածի հետևանքները կկրի ամերիկյան կողմը: Սեիդովի համոզմամբ՝ այդպիսով ԱՄՆ-ը կինքնամեկուսանա տարածաշրջանից։
Ադրբեջանի խորհրդարանի նիստում անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն էլ պնդել է, թե ԱՄՆ-ը չի կարողանում ընդունել Ադրբեջանի վարած անկախ քաղաքականությունը ու 44-օրյա պատերազմում իրենց երկրի հաղթանակը: Նա մեղադրել է Փարիզին և Վաշինգտոնին խաղաղության գործընթացը խափանելու համար: