Պարզաբանում՝ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 1։18-ի սահմաններում,  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։ Նույն օրը՝ ժամը 1.39-ին և 1.43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից։

«Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։

Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print