Վարչապետն անդրադարձել է հիփոթեքային վարկերի կառավարմանը

«Մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների կողմից վերցրած հիփոթեքային վարկերի գումարները, և սա մեր շուկայի ակտիվության պայմաններում չափազանց կարևոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար, և կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ են դրվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին, որը վերաբերում է եկամտային հարկի վերադարձի համակարգին հիփոթեքային վարկերի մարման նպատակով:

«Հարցեր էին ծագել. մենք, փաստորեն, չզեկուցվող հարցերի փաթեթով այդ հարցն ընդունեցինք, և այս ընթացքում արձանագրել ենք, որ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա նախագծի մեջ, և հետևաբար, ըստ բովանդակության, ստացվում է, որ այդ ժամկետները կապվում են հիփոթեքային վարկի ստացման օրվա հետ և՛ Երևանում, և՛ երևանամերձ մարզերում»,- նշեց վարչապետը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, թե Երևանում ինչ կարգ է գործում. «Օրենքն ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին և դրանով սահմանվել է, որ եթե այդ համակարգը չի գործում, եթե հիփոթեքային վարկը ստացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, և անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում և չի գործում 2023-ի հունվարի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 2-րդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 3-րդ գոտում և 2025 թվականի հունվարի 1-ից հետո, եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի մնացած գոտիներում: Այստեղ ուղղակի բացառություն է սահմանվել այն շենքերի նկատմամբ, որոնց շինթույլտվությունը ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ: Նույնիսկ եթե Երևանում որևէ շենք, ասենք՝ ծայրամասում, շինթույլտվությունը ստացել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, ապա գործում է հիփոթեքային վարկի ստացման ժամկետի հետ կապված կարգավորումը: Եթե ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ, ապա սահմանափակում չի գործում: Սա է հիմնական կարգավորումը»,- ասաց նախարարը:

Վարչապետը հիշեցրեց, որ վերջերս խորհրդարանում ընդունվել է մի շատ կարևոր օրենքի նախագիծ, որը վերաբերում է հիփոթեքային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման էսքրոու հաշիվների կառավարմանը. խոսքն այն հաշիվների մասին է, որոնք օգտագործվում են հիփոթեքային վարկերի կառավարման համար: «Մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների կողմից վերցրած հիփոթեքային վարկերի գումարները, և սա մեր շուկայի ակտիվության պայմաններում չափազանց կարևոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար, և կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ են դրվել. ընդ որում՝ 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի բնակարանատիրոջը՝ գնորդին հանձնելիս, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին տեսնի սեփական աչքերով և շոշափի և արձանագրվի, որ բնակարանի շինարարաությունը տեղի է ունեցել պայմանագրի և շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան»,- ասաց վարչապետը:

Հաջորդ կարգավորումը, Փաշինյանի խոսքով, այն է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շինարարական կազմակերպությունները քաղաքացիների էսքրոու հաշիվների գումարները, ըստ էության, առանց լրացուցիչ նախապայմանների կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, իսկ մնացած 50 տոկոսը կարող են օգտագործել ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի, որը նույնպես շատ կարևոր է, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից կարգավորումով շինարակական կազմակերպությունները առանց պայմանի կարող են օգտագործել քաղաքացիների կողմից ներդրված գումարի 70 տոկոսը, և արդեն 2025 թվականից պետք է 50/50 հարաբերակցություն լինի: «Դա, կարծում եմ, էական կարգավորում է շուկայում հարաբերությունները ճիշտ դասավարելու և սպառողների իրավունքները պաշտպանելու նկատառումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print