Միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. զեկույց

Քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները, որոնցից մի քանիսը ապօրինաբար դատապարտվել են Ադրբեջանում երկարաժամկետ ազատազրկման, պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն և առնվազն որպես վստահության ամրապնդման միջոց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները կարողանան արդյունք տալ:

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին ասված է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցում:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ 10 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ու ապաստան գտել Հայաստանում:

2020  և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։

«Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսները ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,-նշված է զեկույցում:

Զեկույցը հիշեցրել է, որ ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազի՝ Լեռնային Ղարաբաղի 300 նախկին ղեկավարներ «հետախուզման մեջ են»՝ պատերազմների ընթացքում  կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար։ Այդ ղեկավարներից 8-ը կալանավորվել են, տեսախցիկների առաջ նվաստացվել և տեղափոխվել Բաքվի բանտեր:

Անդրադառնալով պատանդներին՝ հիշեցրել են, որ 2020 թվականից ի վեր նաև անհայտ թվով հայ խաղաղ բնակիչներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, նաև Հայաստանի սահմաններում։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա ըստ զեկույցի՝ 36 հայ ռազմագերի շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում: Այնինչ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին:

Զեկույցը շեշտում է՝ այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում։

«Քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները, որոնցից մի քանիսը ապօրինաբար դատապարտվել են Ադրբեջանում երկարաժամկետ ազատազրկման, պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն և առնվազն որպես վստահության ամրապնդման միջոց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները կարողանան արդյունք տալ: Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ միջնորդները, ինչպես նաև մյուսները, պարտավոր են հորդորել Ադրբեջանին՝ անվերապահորեն և անհապաղ ազատել նրանց»,-ասված է զեկույցում:

Զեկույցում անվանական ներկայացված են բոլոր գերիները՝ այդ թվում ԼՂ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, նաև գերեվարված քաղաքացիական անձինք, զինվորականներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print