Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Արայիկ Հարությունյանը,  ողջունելով նիստի մասնակիցներին,  ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր:  Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին: 

Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես՝ միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն,  ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես  և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024թ-ի հունվարի 9-ին: Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին,  ձևաչափերին  առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական  աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի  հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ  աշխատանքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print