ՊԵԿ-ը բացահայտել է ծրագրային ապահովում ստացած տնտեսվարողների շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում և հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, տեղեկացնում է, որ շարունակվում է դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները, որում արտացոլված է հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:

ՀՀ պետական եկամուտների և քննչական կոմիտեներին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում, պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ:

2023 թ. հուլիսից մինչև նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, համալիր հարկային ստուգումների, հարկային վարչարարության և վարույթային գործողությունների արդյունքում առանձին կազմակերպությունների կողմից արդեն իսկ ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները: Արդյունքում, մասնավորապես «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գծով, (ֆիրմային անվանումը «ԲՈՄՈՆԴ»),  առաջացել է շուրջ 720 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի գծով` 258 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված 978 մլն ՀՀ դրամի չափով գումարներն ամբողջությամբ  վերականգնվել են ։

Ընդ որում, ամենօրյա լայնածավալ աշխատանքների արդյունքում՝ բացի նշված ընկերություններից,  այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, իսկ չվճարված հարկերի չափը՝ շուրջ 5 մլրդ դրամ, որից արդեն իսկ շուրջ 600 մլն ՀՀ դրամը  վերականգնվել է։

Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում և հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print