Սյունիքում վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն ենք արել․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը միտում է տեսնում, որ Սյունիքը կամ Մեղրին որպես անվտանգային, խոցելի գոտի առանձնացված են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կառավարության կողմից իրականացված ծրագրերին, նշեց, որ կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ողջ հանրապետությունում և, մասնավորապես, Սյունիքում․

«Վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ 100 միլիարդից ավելի ներդրումներ են արվել այնտեղ. «Մեղրիում վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանի մաքսակետը: ԵՄ-ի աջակցությամբ այնտեղ ժամանակակից մաքսակետ ենք ստեղծում, որը աշխատատեղերի լուրջ խթան է լինելու: Վերջերս ստորագրեցինք պայմանագիր, ըստ որի՝ շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը»:

Նիկոլ Փաշինյանը միտում է տեսնում, որ Սյունիքը կամ Մեղրին որպես անվտանգային, խոցելի գոտի առանձնացված են. «Բայց, ո՛չ, մենք չենք առանձնացնում և Սյունիքի մարզի անվտանգությունը, զարգացումը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է։ Իհարկե, այն անվտանգային խնդիրները, որ ունենք, դրանք կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունիքում, Արարատի մարզում…այդ անվտանգային խնդիրները կան և ակնհայտ են, բայց դրանք պետք չէ ո՛չ թերագնահատել և ո՛չ գերագնահատել: Հենց այդ անվտանգային խնդիրները լուծելու համար է, որ խաղաղության օրակարգն ենք որդեգրել»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print