Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:
Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին։
«ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդների խումբը հատել է Եգիպտոսի սահմանը», -հաստատել է The Times of Israel-ը:
Բացի այդ, ինչպես գրում է Haaretz-ը, Գազայի հատվածում ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։
Սրան ի պատասխան Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ժամանել են Բեյթունիա անցակետ:
Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:
Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո իր առաջին հայտարարության մեջ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Մենք այժմ ավարտել ենք մեր պատանդների առաջին խմբի՝ երեխաների, նրանց մայրերի և մյուս կանանց վերադարձը: Նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է: Բայց ես շեշտում եմ ձեզ՝ պատանդների ընտանիքներին, և ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին՝ սա պատերազմի նպատակներից մեկն է, և մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»: