Հայտնի է՝ ինչու է տուգանվել «Գլոբալ Շիփփինգը»

ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ընկերության կողմից առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ: Այս մասին հաղորդում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0056/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ի վճռով, գնահատելով  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ««Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 429 Ա  որոշման իրավաչափությունը, առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

– Առաքումների ժամկետներ սահմանելիս «≈» նշանի օգտագործումը տպավորություն է ստեղծում, որ «մոտավոր» տերմինը վերաբերում է առաքումների նշված ժամկետների միջև ընկած միջակայքին, ուստի առաքումների առավելագույն ժամկետը որևէ պարագայում չի կարող գերազանցել նշված միջակայքի առավելագույն թիվը․

– Տնտեսավարող սուբյեկտի կայքէջում հրապարակված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» հատվածում «ընկերությունը ուշացումների համար պատասխանատվություն չի կրում» նշագրումը չի կարող հիմք հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվությունից խուսափելու համար․

– Տնտեսավարող սուբյեկտը երկարաժամկետ գործունեության ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները (խոսքը չի գնում բացառիկ դեպքերի մասին) պարտավոր է հաշվի առնել առաքումների ժամկետային քաղաքականությունը որոշելիս.

– Առաքումներ իրականացնող սուբյեկտի գործունեության երաշխիքը հենց անորոշ թվով անձանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է (վերջիններիս եկամուտը կապված է հաճախորդների քանակից), իսկ հետաքրքրությունը կարող է առաջանալ հենց ցանկալի ապրանքի «գայթակղիչ» ժամկետներում առաքումը կազմակերպելու միջոցով, հետևաբար ծառայությունների մատուցման հարթակում՝ կայքում և բջջային հավելվածում ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը հանդիսանում է գովազդ․

Տնտեսավարող սուբյեկտի կողմից առաքումների համար որոշակի միջակայքով ժամկետի սահմանման դեպքում առաքումները գործնականում սահմանված առավելագույն ժամկետի ուշացումով իրականացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է։ 

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ ««Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ վերգետնյա առաքումների ժամկետի առնչությամբ կատարված հրապարակումների շրջանակում տեղեկությունը թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) հնարավորության առաջացման ձևով ներկայացնելը, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալը, ինչպես նաև օրենքին հակասող գովազդ իրականացնելը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 3 000 000 դրամի չափով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print