Սանոսյանն ընդգծեց, որ մի քանի ամիս առաջ գործընկերների հետ պայմանագիրը երկարաձգել են մինչև 2030թ․:
«Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Իրանից ներկրվող գազի ծավալներին՝ նշելով, որ հիմա տարեկան 365 միլիոն խմ գազ է Հայաստանը ներկրում Իրանից, որի դիմաց, հայտնի պայմանագրի հիման վրա՝ 1/3 հարաբերակցությամբ, Հայաստանն էլ էլեկտրաէներգիա է վերադարձնում դեպի Իրան։
Սանոսյանն ընդգծեց, որ մի քանի ամիս առաջ գործընկերների հետ պայմանագիրը երկարաձգել են մինչև 2030թ․, որը, բացի ժամկետի երկարաձգումից, հնարավորություն է, որպեսզի մեծացվի Իրանից գազի ներմուծման ծավալները և համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը․
«Կարծում ենք՝ առաջիկա տարիներին այդպես կլինի։ Այսինքն, ծավալները կփոխվեն»,- ասաց նախարարը՝ պատասխանելով նաև այն հարցին, թե քննարկվու՞մ է Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացման հարցը։