Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Անհրաժեշտ է սահմանամերձ թվով 80 բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը։

 Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են կամովին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, հետևաբար կարող են նաև օգտվել գործող պետական աջակցության ծրագրերից։

Ծրագրից կարող է օգտվել այն ամուսնական զույգը, որոնցից նույնիսկ մեկը ՀՀ քաղաքացիություն ունի։

Անհրաժեշտ է սահմանամերձ թվով 80 բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը։

Հողատարածքը պետք է սեփականության իրավունքով իրենց պատկանի, որպեսզի դիմեն ծրագրին, ինչից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները, որից հետո էլ փաստաթղթերը պետք է ներկայացնել համապատասխան համայնքային կառույց, որպեսզի շինարարություն թույլ տան։

Պայմաններին համապատասխանելուց հետո ծրագրի շահառուները կարող են դիմել նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն (դրանք թվով 5-ն են` «Կոնվերս» բանկ, «Ակբա» բանկ, «Յունիբանկ», «Էվոկա» բանկ և «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈւՎԿ))։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print