ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նոյեմբերի կեսերին սոցցանցերում հայտնվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ Ադրբեջանը հանել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի գմբեթների խաչերը։
Բացի այդ, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch-ը, հայտնել է Շուշիում հայկական երկու գերեզմանատների ավերման մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։
Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում:
«Սակայն Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը», – նշեցին նախարարությունից։
Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրն ավելի արդիական է դարձել:
2023 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդիպման ընթացքում կարևորել են փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային հուշարձանների անկախ մոնիթորինգի և քարտեզագրման նպատակով:
«Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցում հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի դրույթներին», -ընդգծել են ԱԳՆ-ից։
Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ Բաքվի դիրքորոշումը խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտների դեմ»։