74-ամյա կինը Արցախի Հարությունագոմերի միակ բնակիչն է

Համայնքի ղեկավարը ասել է, որ 2 շաբաթ առաջ տեղեկություն է իմացել, որ նա ապրում է լքված գյուղում միայնակ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքում կրած կորուստների կողքին ուրախությամբ նշում են նաև հրաշքով փրկվածների մասին։ 

MediaHub-ը զրուցել է համայնքի ղեկավար Հենրիկ Սարգսյանի հետ, ով տեղահանումից հետո գյուղում մնացած 4 տարեցների հարցով ամեն օր հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու միջազգային տարբեր կառույցների հետ։ 

«Սեպտեմբերի 19-ի գիշերը, որպես համայնքի պատասխանատու, տուն առ տուն այցելել ու հրահանգել եմ դուրս գալ, տարհանումը կազմակերպել է համայնքը՝ գյուղում մնացած երիտասարդների օգնությամբ։ Սակայն, 4 տարեց, այդ թվում՝ 1 կին, այդպես էլ չեն եկել՝ հակառակ մեր հորդորների։ Երբ գնացել ենք իրենց հետևից, անգամ տանը չեն եղել։ Մյուս օրն արդեն անհնար էր գյուղի կողմ գնալ, որովհետև տարածքն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր», – ասել է նա։ 

Հարությունագոմերից տարհանվելուց հետո, Հենրիկ Սարգսյանը դիմել է Արցախում Կարմիր խաչի առաքելությանը և ռուս խաղաղապահներին։ Հետո փրկարարները գյուղի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, այնտեղ մնացած մարդիկ, որոնք հոգեկան-առողջական խնդիրներ են ունեցել՝ չեն հայտնաբերվել։

Համայնքի ղեկավարը չի բացառել, որ նրանք թաքնվել են, դուրս չեն եկել։ 

«Երբ տեղափոխվել ենք Հայաստան, այստեղից հորդորել եմ Կարմիր խաչին, գնալ ու գտնել հայր ու որդի՝ Շուրա և Ահարոն Նարիմանյաններին, Անդորա Մկրտչյանին և Սամվել Աղամալյանին։ Միջազգային կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ այցելել է նրանց, գտել ու իրենց ցանկությամբ վերադարձրել Հայաստան։ Բայց, 74-ամյա Անդորան չի եկել»։ 

Հենրիկ Սարգսյանն ասել է, որ 2 շաբաթ առաջ տեղեկություն է իմացել, որ նա ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ։

Սեպտեմբերյան իրադարձությունների՝ պատերազմի ու բռնի տեղահանության ընթացքում, Հարությունագոմեր գյուղից հրաշքով 7 մարդ է փրկվել։ Փրկարարների օգնությամբ նրանք հայտնաբերվել ու տարհանվել են գյուղից, անտառներից և կամ դիրքերից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print