Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան

Գալստյանի խոսքով՝ գերիները պարբերաբար խոսում են Արցախի նախագահի հետ իրենց առողջական վիճակի մասով։

Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Մեր գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ։ Նրանք խոսում են իրենց առողջական վիճակի մասով․ ասել են, որ խոշտանգման չեն ենթարկվում, իրենց վիճակը նորմալ է»,- պատասխանեց Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ ի՞նչ փուլում է գերիների վերադարձի հարցը, պատգամավորն ասաց․ «Գերիների վերադարձի հետ կապված ինձ թվում է՝ պետք է բանակցություններ լինեն, եթե իրոք կա նման բանակցություն, ապա միանշանակ ողջունելի է։ Առանց բանակցության գերիներին հետ չեն վերադարձնելու»։

Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Շահրամանյանը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ, Գալստանյանն արձագանքեց․ «Սամվել Բաբայանը լավ կլինի իր կապերը բացահայտի, քան այսօր Արցախի նախագահին մեղադրի ինչ-որ կապերի մեջ»։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print