Առկա էլեկտրոնային հսկողության սարքերը գրեթե սպառվել են:
Նոյեմբերի 30-ին կառավարության նիստի օրակարգային չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելուն։
Ազատության սահմանափակման (տնային կալանք, վարչական հսկողություն) պատժատեսակի կատարումն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարությունը լեհական «Enigma information protection systems» ընկերությունից գնել է 340 էլեկտրոնային հսկողության սարք։ Այս ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2023-ի հոկտեմբերի 24-ին։
Նախարարությունը 2023-ի հունիսի 19-ին պայմանագիր է կնքել նաև հայկական «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է նախարարությանը մատակարարել 300 էլեկտրոնային հսկողության սարք, որի գինը կազմում է 97 մլն 200 հազար դրամ։ Բայց, ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է ապրանքը մատակարարել ֆինանսական միջոցների նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 70 օրվա ընթացքում։ Համաձայնագիրը «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ընկերության և նախարարության միջև կնքվել է 2023-ի օգոստոսի 15-ին, սակայն ընկերությունը կարող է մատակարարումն իրականացնել առնվազն 30 օր ուշացումով։ Առկա էլեկտրոնային հսկողության սարքերը գրեթե սպառվել են: Այդ իսկ պատճառով, Արդարադատության նախարարությունը կառավարության օրակարգում ներառված չզեկուցվող նախագծի շրջանակներում առաջարկում է նախորդ մրցույթում հաղթած «Enigma information protection systems» ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ ներտնային վերահսկման 110 և վարչական վերահսկողության համար նախատեսված 50 սարք գնելու համար։ Լեհական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այս սարքերը մատակարարել 10 օրվա ընթացքում։ Համաձայնագրի գինը կազմում է 104 մլն 323 հազար դրամ։ Լեհական ընկերության հետ համաձայնագիր կնքելու համար որպես հիմք նախարարությունը ներկայացնում է հետագայում անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության սարքերի ձեռքբերման հրատապությունից խուսափելու հանգամանքը։ Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը, «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ընկերության հետ պայմանագիրը կնքելուց հետո համաձայնագրի կնքումը ուշ է կազմակերպել, և ներկայումս ստիպված է լեհական ընկերությունից պատվիրել էլեկտրոնային վերահսկման սարքերի նոր խմբաքանակ, քանի որ կանխատեսելի չեն դատական վճիռների քանակը և էլեկտրոնային սարքերի օգտագործման անհրաժեշտությունը։ Նշենք նաև, որ լեհական ընկերությունը 160 սարքի համար ավելի շատ գումար է պահանջում՝ 104 մլն 323 հազար դրամ, քան «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ընկերությունը 300 սարքի համար՝ 97 մլն 200 հազար դրամ։
Ըստ Արդարադատության նախարարության՝ նախագիծը 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փափոխություն չի առաջացնի։ Էլեկտրոնային հսկողության սարքեր գնելու համար անհրաժեշտ գումարը կտրամադրվի այլ ծախսերի համար տրամադրված գումարները կրճատելու և խնայելու արդյունքում։ Որպես ակնկալվող արդյունք՝ նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունման դեպքում կապահովվի էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման գործընթացը և ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառումը։