2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։
Գործադիրի կողմից առաջարկվող փոփոխության նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ։ Նման պնդում արեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ քաղաքապետարանում կայանատեղերի վճարման հարցով քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ նախագծի նպատակը փոքր կենտրոնի բեռնաթափումն է, իսկ նախագիծը կյանքը կոչվելու համար դեռ ավագանին պետք է ընդունի կամ ոչ, կամ էլ փոփոխություններով ընդունվի։
«Եթե մենք այս փոփոխությամբ ունենանք բյուջեի ավելի քիչ մուտքեր, բայց ավելի բեռնաթափված կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք։ Մեր գլխավոր նպատակը սա է»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նաև նշեց, որ կարմիր գծերի համար սահմանված գումարի չափը նրա համար է, որ քաղաքացին խուսափի Կենտրոնում երկար ժամանակով կայանելուց և այլ միջոցով հասնի կենտրոն։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ: