«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է լավագույնը

«ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:

2023 թ․  դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է  զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն  ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են  «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

Տասներեք տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ: Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ  իր  ծրագրում ընդգրկում է  ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ որպես նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետ (10 ամիս)։ «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print