Արտաքին քաղաքական գերատեսչությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել։
«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։