«ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն նախագծին դեմ կքվեարկի, քանի որ հանձնաժողովը դեմ է քվեարկել:
Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ներառված է հարց, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով: ՀՀ ՔՕ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն:
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաքվե» անունով հայտնի քաղաքացիական նախաձեռնությանը, տեղեկացրեց, որ նստաշրջանի օրակարգ ներգրավելու համար հարցը պետք է քվեարկվի առանձին՝ հիշեցնելով, որ հանձնաժողովը վերջինիս բացասական եզրակացություն է տվել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի որոշմանը, նկատեց, որ հերթական անգամ քաղաքական մեծամասնությունը թույլ չտվեց՝ ընդդիմության նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ և քննարկվի նիստում, և որ այս կերպ ոչնչացվում է պառլամենտարիզմը:
Խոսքն ուղղելով ընդդիմությանը՝ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Երբ օրենքն ընդունվեր, մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղից դրական պատասխան տվեց՝ բոլորին:
Պետաիրակավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց, որ ընդդիմության նախաձեռնության մասով հանձնաժողովն ունեցել է եթե ոչ ամենաերկար, ապա ամենաերկար նիստերից մեկը, և որ հանգամանալից քննարկվել է հարցը:
«Մենք զգուշացրել ենք ձեզ, որ ԱԺ կանոնակարգ օրենքներով և աշխատակարգով հնարավոր չէ նախագծի լրամշակում, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել որևիցե առաջարկին, որը պետք է ներկայացվի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը և հավելեց, որ եթե հետաձգվեր նախագծի քննարկումը, ապա, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի համաձայն, նախագիծը դիտարկվելու էր որպես ԱԺ-ի կողմից փաստի ուժով մերժված և դրանով կանխարգելվելու էին նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հետագա գործողությունները, որոնք հիմնված են ոչ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, այլ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի վրա:
«ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն նախագծին դեմ կքվեարկի, քանի որ հանձնաժողովը դեմ է քվեարկել: Իր ելույթի ժամանակ նա նաև նկատեց, որ նախագիծը խնդիր չի լուծելու և այլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու:
Քվեարկության արդյունքում նախագիծը 26 կողմ, 57 դեմ և 0 ձեռնպահ ձայներով մերժվեց և չընդգրկվեց 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում: