Ընթացակարգերը պարզեցված են. առցանց դիմումին փաստաթղթեր կցելու կարիք չկա:
Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ընդունվել են համապատասխան որոշումները, որոնցով սահմանվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:
Ըստ այդմ՝ ՀՀ-ում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել 2023 թ. դեկտեմբերի 11-ից: Այս դեպքում անձի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, իսկ աշխատանքային կամ զինվորական ստաժը կպահպանվի նույնությամբ:
Մեր հայրենակիցները 2023 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թ. հունիսի 1-ը դիմումները կարող են ներկայացնել առցանց եղանակով՝ www.socservice.am կայքէջի միջոցով: Ընթացակարգերը պարզեցված են. առցանց դիմումին փաստաթղթեր կցելու կարիք չկա:
Այն դեպքում, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, ապա հարկ է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա 2023 թ. դեկտեմբների 11-ից հաշված՝ 3 ամսվա, իսկ կերակրողին կորցնելու հիմքով նպաստի դեպքում՝ 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում, կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:
Եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, սակայն կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ՝ օրենսդրությամբ սահմանված եռամսյա, իսկ վեցամսյա ժամկետները ևս հաշվարկվելու են 2023 թ. դեկտեմբերի 11-ից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ այն դեպքում, երբ անձը ԼՂ-ում ստացել է ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա ՀՀ-ում նրան կնշանակվի համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: «Հարկ է նկատի ունենալ, որ բոլոր դեպքերում ՀՀ-ում կենսաթոշակ, նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառվելու դեպքում, իսկ կենսաթոշակի, նպաստի չափը կհաշվարկվի ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով»,- ասել է Զարուհի Մանուչարյանը: