Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում բնակարանայի ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման և բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովվեն ֆինանսական անհրաժեշտ միջոցառումներ:
Խորհրդարանը շարունակում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, նշեց՝ իր ելույթում կանդրադառնա հիմնականում այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ քննարկումներից հետո:
Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ԱԺ պատգամավորներից քննարկումների ընթացքում ստացվել են 20 առաջարկներ, որոնց մեծ մասը վերաբերել է այս կամ այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը:
«Դրանք մանրամասն ուսումնասիրվել են ճյուղային նախարարությունների կողմից, և տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ, ինչը ներկայացված է օրենքի նախագծին կցված ամփոփաթերթում: Առաջարկներից 11-ը բավարարվել կամ ընդունվել են ի գիտություն: Դրանցից մի քանիսին որոշում է ընդունվել անդրադառնալ 2024 թվականի ընթացքում, 4 առաջարկ չի ընդունվել, որոնց վերաբերյալ նաև ներկայացված են մանրամասն պարզաբանումներ»,- հայտնեց ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ 2024-ի բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտներում առաջացել է փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որը պայմանավորված է խորհրդարանում քննարկումների արդյունքում վերոնշյալ առաջարկների բյուջեում նախատեսմամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:
«2023-ի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47,3 միլիարդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1,2 միլիարդ դրամի չափով, այդ թվում՝ 900 միլիոն դրամը՝ ՀՀ-ում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, 300 միլիոն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրերի գծով: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով՝ 46,1 միլիարդ դրամ, որից կենսաթոշակների գծով՝ 22,5 միլիարդ դրամ, «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի գծով՝ 2,6 մլրդ դրամ, «Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում» ծրագրի գծով՝ 1,6 մլրդ դրամ, «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի գծով՝ 1,5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 միլիարդ դրամ»,- հայտնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ:
Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում բնակարանայի ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման և բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովվեն ֆինանսական անհրաժեշտ միջոցառումներ:
Պահուստային ֆոնդը 2024-ին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամի մակարդակում:
«Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև միջազգային գործընկերների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:
«Այս պահին ունենք հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ ԵՄ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից, բանակցություններ են վարվում նաև մի շարք այլ միջազգային գործընկերների հետ: Այս մասով ստացվելիք միջոցները պլանավորված չեն բյուջեում, ուստի ստանալուն պես կա՛մ հնարավորություն կունենանք նվազեցնել բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կա՛մ նախատեսել հավելյալ հրատապ ծախսեր, որոնց հնարավոր չի եղել անդրադառնալ բյուջեի պլանավորման այս փուլում»,- նշեց նախարարը: