«Սա շատ պրագմատիկ մոտեցում է, քանի որ մեզ երբեք այնտեղ չեն ընդունի։ Եվ դրա պատճառը հայտնի է», – նշել է Ալիևը։
Ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի նախապատրաստմանն ուղղված բանակցությունները դադարեցվել են, Բաքուն հույս ունի, որ այդ փաստաթղթի շուրջ խորհրդակցությունները կվերսկսեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք ակտիվ աշխատում էինք համագործակցության վերաբերյալ նոր փաստաթղթի վրա։ Ներկա պահին այդ աշխատանքը դադարեցվել է, բայց հուսով եմ, որ այն կրկին կշարունակվի և ավարտին կհասցվի, քանի որ այդ փաստաթղթի ավելի քան 90%–ը համաձայնեցված է», – ասել է Ալիևը Բաքվում կայացած համաժողովի ժամանակ։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի նախատեսում ԵՄ անդամ դառնալ, երկրի արտաքին քաղաքական հայեցակարգում նման նպատակ չկա։ Սակայն հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական է գնահատում։
«Սա շատ պրագմատիկ մոտեցում է, քանի որ մեզ երբեք այնտեղ չեն ընդունի։ Եվ դրա պատճառը հայտնի է», – նշել է Ալիևը։
Միևնույն ժամանակ նա բողոքել է, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի հետ հարաբերությունները նվազագույնի է հասցրել։
«ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը (Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը), որն այժմ Բաքվում է, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի և Ադրբեջանի դեմ մեղադրանքներ է առաջադրել։ Եթե նա նման հայտարարություն է արել, դա նշանակում է, որ հարաբերություններն առաջվանը չեն լինի բոլոր ուղղություններով։ Մենք դա այդպես ենք հասկացել», – ասել է նա։
Ադրբեջանի և ԵՄ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը 4 բլոկ է ներառում։ Այժմ բաց են մնում որոշ հարցեր առևտրատնտեսական մասով։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։