Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել սահմանազատման գործընթացից

Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ չի լինելու մի հանդիպում, որից հետո հայտարարվի, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է։

Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է: Դա ակնհայտ է, և կարծես թե ընկալում կա փոխադարձ, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Այդ մասին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին` Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ արդյոք եղե՞լ է սկզբունքային համաձայնություն այդ հարցում:  

«Չկա որևէ դիսկրետ լուծում դելիմիտացիայի, չի լինելու մի հանդիպում, որից մենք հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. դա ուղղակի անհնարին է: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, այդ գործընթացի նշանակությունը»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծեց՝ սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։

«Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են։ Օրինակ՝ 1975թ․ քարտեզը 1974-79թթ․ մասնագիտորեն կազմված և տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ է»,- ասել է փոխվարչապետը։ 

Նա ընդգծել է, որ կողմերը միատեսակ են ընկալում սահմանազատման գործընթացը և աշխատանքի ձևը։ 

«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- նշել է Գրիգորյանը։ 

Փոխվարչապետը նաև ասաց, որ բովանդակության հետ կապված լրացուցիչ այլ տեղեկատվություն այս պահին չի կարող հայտնել.

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print