Հայ մարզիկները 2023-ին նվաճել են ռեկորդային թվով՝ 432 մեդալ

2018 թվականի համեմատությամբ 2023-ին գրեթե եռապատկվել է նաև սպորտի ֆինանսավորումը:

Սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ Կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: Հենց դրա արդյունքն է, որ այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալն է: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել, թիմային հաշվարկում երկրորդ տեղն են զբաղեցրել: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ վարչապետը հետաքրքրվեց՝ դա նախկինում չգրանցվա՞ծ արդյունք է: Նախարարը հաստատեց՝ այո՛, շատ լավ արդյունք ունեցանք:

«16 հոգի էր ընդգրկված մեր հավաքականում, և 10 մեդալ ունեցանք՝ 4 ոսկի և ընդամենը 1 բրոնզ, մյուսները արծաթ էին: Ուրախ եմ, որ նաև աղջիկներից ունեինք մրցանակակիր: Իհարկե, նրանց մասնակցությունը շատ ավելի պետք է խրախուսել: Կարևոր է նաև, որ հավաքականի ներկայացուցիչները ներկայացնում էին տարբեր դպրոցներ, այդ թվում՝ մարզերից»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս ամենը հիմք է տալիս ասելու, որ բռնցքամարտում մեր հաջողությունները շարունակական են լինելու և ընդլայնվելու են:

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ դա ցույց է տալիս, որ մեր երկրում Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ անցկացնելու փաստը լրացուցիչ խթան է մեր մարզիկների համար:

Նախարարը հավելեց՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում մեր գրանցած արդյունքները էական են: Եթե 2022 թվականին Հայաստանը նվաճել է 307 մեդալ, ապա 2023-ին ռեկորդային էր՝ 432 մեդալ ու դեռ տարին չի վերջացել: Իսկ 2018-ին ունեցել ենք 203 մեդալ: Այսինքն՝ 2018-ի համեմատ 2023-ին մեդալների թիվը գրեթե կրկնապատկվել է:

Կանանց մեդալների մասով ևս աճ է գրանցվել 2018 թվականի համեմատությամբ: Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել: 2018-ին կանանց նվաճած մեդալների համամասնությունն ընդհանուր մեդալների համեմատությամբ եղել է 2,9 տոկոսը, այս տարի՝ 5,7 տոկոս: 2018 թվականի համեմատությամբ 2023-ին գրեթե եռապատկվել է նաև սպորտի ֆինանսավորումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print