Արեւմուտքը ողջունում է գերիների փոխանակման համաձայնությունը

Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման համաձայնությունը։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է», — ասել է Բորելը X-ում գրառման մեջ:

«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և հավատարիմ ենք աջակցելու այդ ջանքերին», — հավելել է նա:

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», — ասված է Պետդեպի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր երեկ երեկոյան, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին նաև ազատ արձակված հայ զինծառայողների անունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print