Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և ենթակա չեն օտարման կամ վարձակալության:
Շարունակվում է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրեց՝ հիմնական կարգավորումները «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում են:Նրա խոսքով՝ իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական և ազգային պահուստներում առկա թանկարժեք մետաղների և քարերի համալրման, հաշվառման, օտարման և դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին փոխանցելու և այդ գործառույթների արդյունավետ իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:«Ունենք երկու խումբ փոփոխություններ՝ նախ՝ առաջինը՝ պետական պահուստ: Ի՞նչ է թանկարժեք քարերի և մետաղների պետական պահուստը: Այն պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանց հետ կապված իրերի հանրագումար է, որոնց հետ կապված բոլոր գործառույթները ներկայումս իրականացնում է ֆինանսների նախարարությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք, ըստ էության, պետական գույք են: Գիտենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով պետական գույքի կառավարման ոլորտում պատասխանատու մարմինը ՏԿԵ նախարարությունն է, ավելի կոնկրետ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն: Առաջին խումբ փոփոխությունները, որոնք առաջարկվում են, պետական պահուստի կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների մասով կարգավորումները ուժը կորցրած ճանաչելն է՝ բացառությամբ ազգային պահուստի»,- տեղեկացրեց Հակոբյանը:Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ օրենքի 17-19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից:Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ազգային պահուստին, որը ներկայումս, ըստ էության, պետական պահուստի մաս է:Ազգային պահուստը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և ենթակա չեն օտարման կամ վարձակալության:Ազգային պահուստի կառավարման մասով մնացած գործառույթները իրականացվում են ոլորտային նախարարության՝ ԿԳՄՍՆ-ի, դրա ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ:Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին՝ ԿԳՄՍՆ-ին:«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նախագիծը ստացել է դրական եզրակացություն: